Բոլոր մասերը

Պաշտոնական տեքստ · Հավելված 2

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների

1.

Տրանսպորտային միջոցի արգելակային համակարգերի անսարքություններն ու պայմաններն են`

1)

ճանապարհային կամ վահանակային (ստենդային) փորձարկումների ժամանակ չեն պահպանվում բանվորական արգելակային համակարգի արդյունավետության ստանդարտով սահմանված նորմերը.

2)

խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը.

5 հարց
3)

չի գործում պնևմատիկ կամ պնևմահիդրավլիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը.

2 հարց
4)

կայանման արգելակային համակարգն ստանդարտով սահմանված թեքության վրա չի ապահովում անշարժ վիճակ:

2 հարց
2.

Տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգերի անսարքություններն ու պայմաններն են`

1)

ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է հետևյալ ցուցանիշները՝

ա.

10 աստիճան՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և դրանց բազայի վրա պատրաստված բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների մոտ,

5 հարց
բ.

20 աստիճան՝ ավտոբուսների մոտ,

գ.

25 աստիճան՝ բեռնատար ավտոմոբիլների մոտ.

2)

առկա են մանրամասերի (դետալներ) ու հանգույցների կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումները ձգված կամ սահմանված ձևով սևեռված չեն, անսարք է ղեկասյունակի դիրքի սևեռիչ սարքավորումը.

5 հարց
3)

անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուժեղարարը կամ մոտոցիկլների ղեկային հանդարտիչը.

2 հարց
4)

ղեկային կառավարման համակարգն աջակողմյան տեղաբաշխմամբ է:

3.

Տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերի անսարքություններն ու պայմաններն են`

1)

արտաքին լուսային սարքերի թիվը, տեսակը, գույնը, դասավորվածությունը և աշխատանքի ռեժիմը չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի կառուցվածքի և ստանդարտներով պահանջներին (արտադրությունից հանված տրանսպորտային միջոցների վրա թույլատրվում է այլ մակնիշների և մոդելների տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի տեղադրում).

2)

լապտերների կարգավորումը չի համապատասխանում ստանդարտի պահանջներին.

3)

սահմանված ռեժիմով չեն աշխատում կամ կեղտոտված են արտաքին լուսային սարքերը և լուսանդրադարձիչները.

6 հարց
4)

լուսային սարքերի վրա բացակայում են լամպերը կամ ցրիչները, կամ օգտագործվում են տվյալ լուսային սարքի տեսակին չհամապատասխանող ցրիչներ կամ լամպեր.

4 հարց
5)

առկայծող փարոսիկների տեղակայումը, ամրացման ձևերը և լուսային ազդանշանի տեսանելիությունը չեն համապատասխանում ստանդարտի պահանջներին.

6)

տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են՝

ա.

առջևի մասում՝ ցանկացած գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ, շրջադարձի ցուցիչներ և այլ լուսային սարքեր, բացի սպիտակ, դեղին կամ նարնջագույն գույների լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի սպիտակ գույնից,

5 հարց
բ.

հետևի մասում՝ ցանկացած գույնի լույսերով հետընթացի և հաշվառման համարանիշի լուսավորման լապտերիկներ, բացի սպիտակ գույնի լույսերից, ցանկացած գույնի լույսերով այլ լուսային սարքեր, բացի կարմիր, դեղին կամ նարնջագույն գույնի լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի կարմիր գույնից:

10 հարց

Սույն ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի, տարբերիչ և ճանաչման նշանների վրա.

7)

հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին:

2 հարց
4.

Տրանսպորտային միջոցի անիվների ու դողերի անսարքություններն ու պայմաններն են`

1)

դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է`

ա.

2,0 մմ` ավտոբուսների համար,

5 հարց
բ.

1,6 մմ` թեթև մարդատար ավտոմոբիլների համար,

1 հարց
գ.

1,0 մմ` բեռնատար ավտոմոբիլների համար,

դ.

0,8 մմ` մոտոցիկլների և մոպեդների համար։

3 հարց

Կցորդների դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության նորմերը սահմանվում են որպես քարշակ ծառայող ավտոմոբիլների դողերի նորմերին համապատասխան.

1 հարց
1.1)

հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր.

1.2)

նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային դողեր.

1.3)

սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված, երեք գագաթ ունեցող լեռան բարձունքով, ներսում ձյան փաթիլի խորհրդանիշով և դրա հետ համատեղ «Մ+Ս» («M+S»), «Մ և Ս» («M&S»), «ՄՍ» («MS») տառերով մակնշված ձմեռային դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը (մաշվածության ինդիկատորի բացակայության պայմաններում) նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ կազմում է 4 մմ և պակաս։ Նշված անսարքությունները բացահայտվում են տեխնիկական ախտորոշիչ (դիագնոստիկ) գործիքների միջոցով.

1.4)

ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման պարագայում) տեղադրված են տրանսպորտային միջոցի ոչ բոլոր անիվների վրա։

2)

դողերն ունեն հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ (անցքեր, կտրվածքներ, ճեղքվածքներ), ինչպես նաև հիմնակմախքի շերտաբաժանում, պահպանաշերտի և կողերի շերտատում.

5 հարց
3)

անվահեցի կամ անվասկավառակի վրա առկա են ճաքեր, կամ բացակայում է դրանց ամրացման հեղույսներից (մանեկներից) թեկուզ մեկը կամ առկա են դրանց ամրացման անցքերի ձևի և չափերի տեսանելի խախտումներ.

6 հարց
4)

դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին.

2 հարց
5)

տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են տարբեր չափերի, տարբեր կառուցվածքների, տարբեր մոդելների, պահպանաշերտի տարբեր նախշանկարներով, բութակավորված և չբութակավորված, ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն, նոր և վերականգնված դողեր.

11 հարց
7)

3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլները և ավտոբուսները 4.9.1 նշանի ազդման գոտում, ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պարագայում, երթևեկում են առանց հակասահքային շղթաների։ Հակասահքային շղթաներով պետք է կահավորված լինեն տվյալ տրանսպորտային միջոցների առնվազն երկու տանող անիվները, դրանք պետք է համապատասխանեն տրանսպորտային միջոցի տեսակին, դողի չափսերին և անվտանգ լինեն երթևեկության համար։

4 հարց
5.

Տրանսպորտային միջոցի շարժիչի անսարքություններն ու պայմաններն են`

1)

արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը կամ դրանց ծխայնությունը գերազանցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը.

1 հարց
2)

խախտված է սնման համակարգի հերմետիկությունը.

4 հարց
3)

անսարք է բանած գազերի արտածման համակարգը.

1 հարց
4)

խախտված է հենատուփի (կարտեր) օդափոխության համակարգի հերմետիկությունը.

5 հարց
5)

արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված նորմերը:

2 հարց
6.

Տրանսպորտային միջոցի այլ անսարքություններն ու պայմաններն են`

1)

ապակեմաքրիչները չեն աշխատում սահմանված ռեժիմով, կամ չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները.

4 հարց
2)

հետին տեսանելիության հայելիների քանակը, դասավորվածությունը և դասը չեն համապատասխանում ստանդարտի պահանջներին, բացակայում են տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակիները.

2 հարց
3)

չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը կամ այն, կամ տրվող ազդանշանը չեն համապատասխանում ստանդարտին.

8 հարց
4)

տեղադրված են երթևեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող կամ վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ.

4 հարց
5)

տրանսպորտային միջոցի՝

ա.

ապակիների (այդ թվում՝ արտաքին թաղանթապատում ունեցող հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների) լուսաթափանցելիությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերին,

բ.

առջևի դիտապակին կամ առջևի կողային ապակիները վարագուրապատված են,

2 հարց
գ.

հետևի դիտապակին կամ հետևի կողային ապակիները վարագուրապատված են և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները.

2 հարց
6)

չեն աշխատում տրանսպորտային միջոցների կառուցվածքով նախատեսված` թափքի կամ խցիկի դռների կամ շարժիչի ծածկոցի փականները, ցիստեռնների բկանցքների և բեռնատար հարթակների կողերի փականները, վառելիքի բաքերի խցանները, վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը, ավտոբուսի դռների վթարային բացիչները և կանգառ կատարելու պահանջի ազդանշանը, ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը, վթարային ելքերը և դրանք գործողության մեջ դնող հարմարանքները, դռների կառավարման հաղորդակը, արագաչափը, պտուտագրիչը, հակաառևանգման և ապակիների տաքացման ու փչահարման սարքերը.

22 հարց
7)

բացակայում են կառուցվածքով նախատեսված հետին պաշտպանիչ հարմարանքը, ցեխապաշտպան գոգնոցները և ցայտապաշտպանիչները.

5 հարց
8)

անսարք են քարշակի կամ կցորդային մասի քարշակցման կամ հենակցման հարմարանքները, ինչպես նաև բացակայում կամ անսարք են կառուցվածքով նախատեսված ապահովիչ մետաղաճոպանները (շղթաներ): Մոտոցիկլի և կողային կցորդի շրջանակների միացումներում առկա է խաղացք.

6 հարց
9)

բացակայում են`

ա.

բժշկական դեղատուփը, կրակմարիչը, վթարային կանգառի նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` ավտոբուսներում, թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներում ու անվավոր տրակտորներում,

11 հարց
բ.

երկուսից ոչ պակաս հակագլորման հենակներ` համապատասխանաբար 3,5 տոննա և 5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներում և ավտոբուսներում,

4 հարց
գ.

բժշկական դեղատուփը, վթարային կանգառի նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` կողային կցորդով մոտոցիկլներում:

2 հարց

Ավտոբուսում պետք է լինի առնվազն երկու կրակմարիչ, մեկը` վարորդի խցիկում, մյուսը` սրահում, իսկ մնացած նշված տրանսպորտային միջոցներում` դյուրահաս տեղերում:

5 հարց

Բժշկական դեղատուփում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը.

10)

տրանսպորտային միջոցները, բացառությամբ սահմանված կարգով նախատեսված դեպքերի, կահավորված են առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով, կամ դրանց թափքերի վրա պատկերված են գունագծապատկերներ և գրառումներ (տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին և դրանց վրա տեղադրվող առկայծող փարոսիկներին ու հատուկ ձայնային ազդանշաններին ներկայացվող պահանջները սահմանվում են ստանդարտով, իսկ այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել դրանցով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

11)

բացակայում են կամ չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները կամ անվտանգության ամրագոտիները, կամ անվտանգության ամրագոտիների ժապավենի վրա առկա են տեսանելի պատռվածքներ.

9 հարց
12)

մոտոցիկլների և մոպեդների վրա բացակայում են կառուցվածքով նախատեսված ոտնատեղերը, թամբի վրայի ուղևորի համար լայնակի բռնատեղը, իսկ մոտոցիկլների վրա` նաև անվտանգության աղեղները.

4 հարց
13)

չեն աշխատում պահեստային անիվի բռնիչը, բարձրացման-իջեցման մեխանիզմը կամ կարապիկը.

2 հարց
14)

կիսակցորդի վրա բացակայում են կամ անսարք են հենարանային սարքավորումը, հենակների տրանսպորտային վիճակի սևեռիչը, հենակների բարձրացման-իջեցման մեխանիզմը.

15)

խախտված է շարժիչի, փոխանցման տուփի, պտույտափոխանցիչի, հետին կամրջակի, կցորդման, ակումուլյատորային մարտկոցի, օդի հովացման և լավորակման համակարգի և տրանսպորտային միջոցի վրա լրացուցիչ տեղադրված հիդրավլիկ սարքավորումների միացումների կամ կիպարարների հերմետիկությունը.

4 հարց
16)

գազաբալոնային սնման համակարգով կահավորված ավտոմոբիլների գազաբալոնների արտաքին մակերեսին նշված տեխնիկական պարամետրերը չեն համապատասխանում տեխնիկական անձնագրում նշված տվյալներին, բացակայում են վերջին և պլանավորված փորձարկումների ամսաթվերը.

1 հարց
17)

առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության` տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ).

3 հարց
18)

հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին կամ հաշվառման համարանիշերը բացակայում են.

19)

մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցումը, չունի համապատասխան ճանաչման նշան կամ կահավորված չէ հետին դիտման լրացուցիչ հայելիով (սովորեցնողի համար) կամ կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով.

2 հարց
20)

անսարք է հեծանիվի ղեկը, արգելակը կամ ձայնային ազդանշանի սարքը, կամ այն առջևից կահավորված չէ սպիտակ գույնի լուսանդրադարձիչով և լապտերով կամ լապտերիկով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), հետևից` կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերիկով, իսկ կողերից` նարնջագույն կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով.

21)

լծասայլը չունի կառուցվածքով նախատեսված կայանման սարքին արգելակ կամ հակագլորման հենակներ, առջևից կահավորված չէ երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), իսկ հետևից` երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերով: